Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում ընդգծել է եվրոպական երկրների հետ Թեհրանի հարաբերությունների ամրապնդման համար խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը՝ հայտնում է IRNA գործակալությունը։
Փեզեշքիանը հավելել է, որ իսլամական հանրապետությունը ձգտում է զարգացնել հարաբերությունները եվրոպական բոլոր երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հետ՝ բարեկամության, ընդհանուր վստահության և փոխադարձ հարգանքի հիման վրա:
Իրանի ղեկավարի խոսքով՝ Գազայում ընթացող պատերազմի ֆոնին աշխարհի ակնկալիքը եվրոպական երկրներից, հատկապես՝ Գերմանիայից, «արդյունավետ մասնակցությունն է ցեղասպանության դադարեցման» գործում:
Օլաֆ Շոլցն էլ շնորհավորել է Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ընդգծել Բեռլինի պատրաստակամությունը Թեհրանի հետ բոլոր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու հարցում: