Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թեհրանին կոչ է արել զերծ մնալ իրավիճակի հետագա էսկալացիայից։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Միացյալ Թագավորության վարչապետի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Սթարմերը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրադրության առնչությամբ և բոլոր կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և խուսափել հետագա առճակատումից։ Ըստ Դաունինգ Սթրիթի՝ Սթարմերը Փեզեշքիանին ասել է, որ կա «սխալ հաշվարկի լուրջ վտանգ, և հիմա անդորրի ու լուրջ խորհելու ժամանակն է»։
Ըստ Սթարմերի՝ պատերազմը ոչ ոքի շահից չի բխում։ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է իր հանձնառությունը Գազայի հատվածում անհապաղ հրադադարին, բոլոր պատանդների ազատ արձակմանը և մարդասիրական օգնության ծավալների մեծացմանը։
Ղեկավարները նաև համաձայնել են, որ Միացյալ Թագավորության և Իրանի միջև կառուցողական երկխոսությունը բխում է երկու երկրների շահերից։ Ղեկավարները քննարկել են նաև իրավիճակն Ուկրաինայում: