Հարց 1.- Անկանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում՝ երբվանի՞ց կարող եմ ստանալ 12 տոկոս հետվճար։
Պատասխան.- Սեպտեմբեր ամսվա ընթացքում կենսաթոշակի կամ նպաստի բանկային քարտերով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում հոկտեմբեր ամսին կստանաք կատարած գործարքների ծավալի 12 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը։
Հարց 2.- Եթե օգոստոս ամսին կենսաթոշակը տնօրինել եմ անկանխիկ՝ կատարելով շուրջ 60,000 դրամ հանրագումարով անկանխիկ գործարք։ Այս դեպքում որքա՞ն կկազմի հետվճարի չափը։
Պատասխան.- Տվյալ դեպքում՝ սեպտեմբեր ամսին Ձեզ տրվող հետվճարի չափը կկազմի 5000 դրամ։ Եթե նույն ծավալի անկանխիկ վճարումներ կատարեք սեպտեմբեր ամսվա ընթացքում, ապա հոկտեմբեր ամսին արդեն կստանաք մինչև 6000 դրամ հետվճար։
Հարց 3- Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից արդյոք հետվճար կհաշվարկվի։
Պատասխան.- Սեպտեմբերի 1-ից կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի) ինչպես նաև ֆիքսված և բջջային հեռախոսի ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվի։
Հարց 4.- Եթե օգոստոս ամսվա ընթացքում կոմունալ ծառայությունների դիմաց վճարել եմ անկանխիկ եղանակով, սեպտեմբեր ամսին հետվճար կստանա՞մ։
Պատասխան.- Այո՛, այն քաղաքացիները, որոնք օգոստոս ամսվա ընթացքում կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներն իրականացրել են անկանխիկ եղանակով, սեպտեմբեր ամսին կստանան հետվճար։ Սակայն արդեն հոկտեմբեր ամսից այս ուղղությամբ հետվճար չի ձևավորվի։
Հարց 5.- Ո՞ր բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից։
Պատասխան.- Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ բանկերի քարտապանները՝
-
«ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ
-
«ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ
-
«ԱյԴի բանկ» ՓԲԸ
-
«Արարատբանկ» ԲԲԸ
-
«Արդշինբանկ» ՓԲԸ
-
«Արցախ բանկ» ՓԲԸ
-
«Էվոկաբանկ» ՓԲԸ
-
«Ինեկոբանկ» ՓԲԸ
-
«Կոնվերս բանկ» ՓԲԸ
-
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
-
«Յունիբանկ» ԲԲԸ
Հարց 6.- Հետվճար կստանա՞մ, եթե մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի քարտով անկանխիկ վճարումներ կատարեմ։
Պատասխան.- Այո՛, միաժամանակ տեղեկացնում ենք, որ հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝
-
ընտանեկան նպաստ.
-
սոցիալական նպաստ.
-
ծերության նպաստ.
-
հաշմանդամության նպաստ.
-
կերակրողին կորցնելու դեպքում նպաստ.
-
մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ.
-
երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 50,000 դրամ աջակցություն.
-
պատվովճար.
-
պարգևավճար։
Հարց 7.- Ծրագրին միանալու և հետվճար ստանալու համար արդյոք անհրաժեշտ է որևէ տեղ դիմում ներկայացնել։
Պատասխան.- Ո՛չ, որևէ տեղ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Կենսաթոշակի կամ նպաստի անկանխիկ տնօրինման դեպքում՝ հետվճարը կձևավորվի և կփոխանցվի ինքնաշխատ եղանակով։
Հարց 8.- Տվյալ ամսվա ընթացքում անկանխիկ գործարքներից գոյացած հետվճարը ե՞րբ կվճարվի ինձ։
Պատասխան.- Տվյալ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների դեպքում՝ հետվճարը կտրամադրվի մինչև հաջորդ ամսվա 25-ը։
Հարց 9.- Մեկից ավելի կենսաթոշակի կամ նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում ինչպե՞ս է ձևավորվում հետվճարը։
Պատասխան.- Տվյալ ամսում մեկից ավելի կենսաթոշակի կամ նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում քարտերում ձևավորված ընդհանուր գումարից հաշվարկվում է հետվճարի չափը, որը չի կարող գերազանցել 6000 դրամը: Հետվճարը փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկված հետվճարի գումարն առավելագույնն է:
Հարց 10.- Հետվճարի ծրագրից արդյոք կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք։
Պատասխան.- Այո՛, եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում ստանում են կենսաթոշակ կամ նպաստ, ապա անկանխիկ վճարումների դեպքում կարող են ստանալ հետվճար՝ նույն ընթացակարգով։