Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումները շարունակվել են նաև այսօր:
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ միջոցառումների շարքում ներկայացվել է նաև «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգը, որը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը:
Հայեցակարգի ներկայացումից հետո մասնակից երիտասարդները մի շարք հարցեր են ուղղել բանախոսին՝ մասնավորապես հետաքրքրվելով ծրագրի իրականացման ժամկետներով, նախատեսվող ենթակառուցվածքներով, ժամանցի և կրթական նոր միջավայրով:
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում երիտասարդների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև համահամայնքային քննարկում, որի հիմքում քաղաքացիների միջև երկխոսությունն ու կարծիքների փոխանակումն է՝ ի հակադրություն ելույթների, հարցուպատասխանի կամ զեկուցումների: Երիտասարդներին ողջունել է ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը՝ նշելով, որ քննարկումը շատ լավ հնարավորություն է երիտասարդների համար՝ իրենց կարծիքը արտահայտելու համայնքային խնդիրների վերաբերյալ և հանդես գալու տարաբնույթ առաջարկներով:
Քննարկման ընթացքում նույն դահլիճում ութ սեղանի շուրջ ձայնի հավասար իրավունքով մասնակցել են համայնքային տարբեր խմբերը ներկայացնող քաղաքացիներ՝ 10-15 հոգի յուրաքանչյուր սեղանի շուրջ, որոնք իրենց կարծիքն են արտահայտել քննարկումը վարողների կողմից առաջարկվող՝ Գավառ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման՝ երիտասարդներին առաջնահերթ հետաքրքրող ծրագրերի վերաբերյալ:
Յուրաքանչյուր սեղանի շուրջ ապահովվել է կանանց, տղամարդկանց, տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչների և տարբեր մասնագիտությունների տեր մասնակիցների կազմ: Քննարկման նպատակն էր պարզել հանրային կարծիքը համայնքային գերակայությունների և երիտասարդության հետաքրքրությունների հատման առանցքում:
Քննարկվող հինգ սցենարներն էին՝ «Էթնոզբոսաշրջության զարգացումը Գավառում. ամենամյա «Հովվի փառատոն»», «Կարիերայի կենտրոնի ստեղծում», «Գավառի «Տուրիստական այցեգրքի» հրապարակում», «Փառատոնների քաղաք Գավառ. կարողությունների զարգացում», «Երիտասարդների համար մարզաառողջարանային համալիրի հիմնում». Դրանք մշակվել են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) կողմից՝ Գավառի համայնքապետարանի, «Սարվոր» ՀԿ-ի և նրանց շահառուների հետ սերտ համագործակցությամբ։
ԿԳՄՍՆ-ի կողմից առաջարկված՝ 6-րդ սցենարը վերաբերում էր երիտասարդական տարածքների և երիտասարդական աշխատողի կարևորության խնդիրներին: Քննարկման ավարտին ձայների մեծամասնությամբ առաջնահերթություն կտրվի դրանցից որևէ մեկին՝ հաջորդիվ իրականացնելու նպատակով: