Թբիլիսին քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ հայտարարել է Վրաստանի վարչապետը: Իրակլի Կոբախիձեն հավելել է՝ այժմ նույնն ակնկալում են ամերիկացի գործընկերներից։
«Դրա համար արդար, ճիշտ, ողջախոհ մոտեցում է անհրաժեշտ», - հավելել է Կառավարության ղեկավարը: Նրա խոսքով՝ վրացական կողմը հույս ունի, որ Միացյալ Նահանգները կվերանայի դիրքորոշումը և կփոխի վերջին 4 տարվա քաղաքականությունը:
Ավելի վաղ՝ պաշտոնական այցով Վրաստան էր մեկնել ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը։ Բարձրաստիճան հանդիպումների օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը, որի պատճառով Վաշինգտոնը և Բրյուսելը հայտարարել են Թբիլիսիի հետ հարաբերությունները վերանայելու մասին:
Ամերիկացի պաշտոնյաները շեշտել են Հանրապետության եվրատլանտյան ինտեգրման ուղին շարունակելու կարևորությունը: Սենատորներն անդրադարձել են նաև Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ընդգծել՝ այդ երկրի իշխանության հայտարարությունները, թե Վաշինգտոնը փորձում է հեղաշրջում կազմակերպել Վրաստանում, ճիշտ չեն: Կոնգրեսականները նշել են, որ իրենց այցի նպատակն է նպաստել երկկողմ հարաբերությունների բարելավմանը: Նրանք հավելել են, որ այդ ուղղությամբ Թբիլիսիի կողմից գործուն քայլեր չեն տեսնում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: