Սպիտակ տունը գաղտնի բանակցությունների ընթացքում Նիկոլաս Մադուրոյին առաջարկել է կամավոր հրաժարվել Վենեսուելայի նախագահի պաշտոնից՝ համաներման դիմաց, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով անանուն աղբյուրները։ ԱՄՆ-ում Մադուրոյին և նրա բարձրաստիճան համախոհներին մեղադրել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության` մասնավորապես ԱՄՆ կոկաինի ներկրման մեջ ներգրավվածության համար։
Ըստ պարբերականի աղբյուրների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նաև խոստացել է Մադուրոյին արտահանձնման նպատակով քրեական հետապնդման դեմ երաշխիքներ տրամադրել։ Բացի դրանից՝ WSJ-ի զրուցակիցները հայտնել են, որ ԱՄՆ-ը նույն պայմաններով Մադուրոյին համաներում է առաջարկել դեռևս 2023 թվականին, Դոհայում գաղտնի բանակցությունների ժամանակ, սակայն Վենեսուելայի նախագահը հրաժարվել է քննարկել իշխանությունից վաղաժամ հրաժարվելու պայմանները, և դրանից հետո էլ նրա դիրքորոշումը չի փոխվել։
Օգոստոսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում Մադուրոն խնդրել է Միացյալ Նահանգներին «չմիջամտել Վենեսուելայի ներքին գործերին»՝ միաժամանակ նշելով, որ բաց է Վաշինգտոնի հետ բանակցությունների համար, եթե վերջինս հարգանք ցուցաբերի իր նկատմամբ:
Վենեսուելայի ընդդիմությունն էլ կոչ է արել օգոստոսի 17-ին բողոքի համաշխարհային ցույցեր կազմակերպել «Վենեսուելայում և ամբողջ աշխարհում»՝ որպես անհամաձայնություն ընտրությունում երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի պաշտոնապես հայտարարված հաղթանակին: