ՀԱՄԱՍ արմատական իսլամիստական շարժման նոր առաջնորդ Յահյա Սինվարը, որն այդ պաշտոնում ընտրվել է Քաղբյուրոյի նախկին ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո, Եգիպտոսի և Կատարի միջնորդների միջոցով հաղորդագրություն է փոխանցել Իսրայելին զինադադար հաստատելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսրայելի սեփական աղբյուրը։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն պատրաստ է գործարքի գնալ՝ անկախ իշխող կոալիցիայի համար հետևանքներին։ Սակայն, Իսրայելի մի շարք ուժային կառույցներ թերահավատորեն են վերաբերվում վարչապետի պատրաստակամությանը՝ հաշվի առնելով նրա կոալիցիայում որոշ ծայրահեղ աջ նախարարների անհամաձայնությունը: Այսպիսով, ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը կտրականապես դեմ է զինադադարին՝ այն անվանելով «կապիտուլյացիա»։ Ավելի վաղ առարկություններ էր հայտնել երկրի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը, որը նաև ծայրահեղ աջ «Օցմա Յեհուդիտ» կուսակցության առաջնորդն է։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ իշխանությունները «հասկացրել են» Իսրայելին, որ ակնկալում են հրադադարի համաձայնագրի արագ կնքում՝ ավելի լայն տարածաշրջանային պատերազմից խուսափելու համար, ասել է CNN-ի աղբյուրը:
Մեկ այլ տեղեկությամբ՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է քննարկի Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի և երկրի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ Գազայի հատվածի բնակիչների մասին նրանց հայտարարությունների համար: Նախարարները կոչ են անում կրճատել վառելիքի և սննդի մատակարարումներն ու ցանկացած օգնություն Գազայի խաղաղ բնակչությանը: