Օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ Երևան։ Լրագրողների հետ զրույցում Արթուր Ալեքսանյանի մարզիչն ու հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, խոսեց եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման ընթացքի, մրցավարից դժգոհության մասին։
Նա նշեց, որ նման նախադեպ եղել է տարբեր սպորտաձևերից՝ և' օլիմպիական խաղերին, և' աշխարհի առաջնություններին։
«Եթե մենք մենակ չմնանք, իմաստ ունի բողոքարկելը»,- ասաց նա։
Ալեքսանյանը նշեց, որ պահանջվում է տեսանյութով ու նկարներով օրենքի կետերով հիմնավորել ասածները, որից հետո որոշում կկայացվի։
«Եթե իրենց որոշումը չբավարարեց, արդարությունը նորից չվերականգնվեց, գնալու ենք հաջորդական քայլերով, սպորտային իրավաբան ենք գտնելու»,- նշեց մարզիչը։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան
բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում: 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի: