Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ներկայացուցիչներին՝ ՄԱԶԾ Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրի ղեկավար Ռուսուդան Տուշուրիի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, քննարկվել են բազմաբնակարան շենքերի կառավարմանն ու պահպանմանն ուղղված ծրագրերի և օրենսդրական կարգավորումների մշակման շրջանակում համագործակցության հնարավորությունները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Խաչատրյանը տեղեկացրել է, որ կոմիտեն ձեռնամուխ է եղել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» նոր օրենքի մշակմանը, որի շրջանակում կարևորել է փորձագիտական աջակցությունն ու միջազգային փորձի ուսումնասիրությունը։ ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը դիտարկվել է նաև բազմաբնակարան շենքերի կառավարիչների համար նախատեսված վերապատրաստման դասընթացների կազմակերպման շրջանակում։ Կարևորվել է գործնական հմտությունների և տեսական գիտելիքների ճիշտ համադրությամբ դասընթացների ծրագրի կազմումը։
Որպես համագործակցության մեկ այլ ուղղություն՝ քննարկվել է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ստեղծման գործում աջակցությունը։ Առաջարկվել է պիլոտային ծրագիր սկսել մեկ համայնքում։
ՄԱԶԾ Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրի ղեկավար Ռուսուդան Տուշուրին ուրախությամբ փաստել է, որ ձևավորվել է կոմիտեի հետ գործակցության լայն օրակարգ։ Նա պատրաստակամություն է հայտնել կոմիտեին փոխանցելու ՄԱԶԾ կողմից էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակում և բազմաբնակարան շենքերի կառավարման վերաբերյալ կատարված հետազոտությունները, որոնք օգտակար կլինեն օրենսդրական կարգավորումները մշակելիս։
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հստակեցնել համատեղ աշխատանքի ձևաչափն ու ժամանակացույցը։