ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 707,338.4 հազար դրամ գումարի չափով:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մասնավորապես նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը:
-
Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի գյուղում թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճի տեղակապման, վարչական շենքի կառուցման և տարածքի բարեկարգման, «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին ամրացված և Երևանի Պռոշյան 1 փակուղի 1 հասցեում գտնվող շինության վերակառուցման ՀՀ պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք ենթակա են պարզ քաղաքաշինական փորձաքննության։
-
ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղի դղյակի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար հայտարարված 2 մրցույթները չեն կայացել՝ ոչ մի հայտ չներկայացվելու հիմնավորմամբ։ Ուստի նախատեսվում է գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի վերջինիս կողմից կազմվեն գիտանախագծային փաստաթղթերը։ Նշենք, որ ՊՈԱԿ–ի վերականգնող ճարտարապետները նախկինում գիտական աշխատանք և ուսումնասիրություն են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղի դղյակի վերաբերյալ։
-
ՀՀ Լոռու մարզի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցու, նրան կից եկեղեցու և Մարիամաշեն եկեղեցու տանիքի ծածկասալերը փլուզված են, իսկ մատուռներից մեկում առկա է որմնանկարների պատշաճ պահպանումը ապահովելու խնդիր: Դրանով պայմանավորված՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմվել և ներկայացվել են փորձաքննության համալիրի եկեղեցիների տանիքների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնց հիման վրա գումար կհատկացվի շինարարական աշխատանքների ձեռքբերման համար:
-
«Արտաշատի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի 5-րդ մասնաշենքի վերակառուցման համար ևս միջոցներ են նախատեսված: Դպրոցը ներառված է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրում, որի շրջանակում նախատեսվում է վերակառուցել դպրոցի մասնաշենքերը: Հատկացվող միջոցները ուղղվելու են քանդման աշխատանքների կատարմանը:
-
«Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց» ՊՈԱԿ–ի համար 2022-2024 թթ․- ին ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվել է նոր մարզադահլիճ։ Իրականացվել են նաև ջեռուցման աշխատանքները, սակայն մասնաշենքի գազասպառման համակարգը մատակարարման ցանցին միացված չէ ։ Ներկայում մարզադահլիճի կառուցման աշխատանքներն ավարտվել են և մասնաշենքի ջեռուցման ապահովման համար նախատեսվում է դպրոցին հատկացնել գազատարի կառուցման համար անհրաժեշտ գումարը։ Այս նպատակով դպրոցի պատվիրատվությամբ ձեռք են բերվել ՀՀ օրենսդրությամբ պահանջվող նախագծանախահաշվային փաստաթղթերը։
-
«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ–ին ամրացված շենքի հիմնանորոգման 2023 թ․- ին նոյեմբերից մեկնարկած աշխատանքները դեռ շարունակվում են։ Աշխատանքների համադրման և ծավալների ավելացման անհրաժեշտությամբ պայմանավորված նախատեսվում է թույլատրել ծավալների ավելացում 11.92%-ի չափով և համադրում 21.04%-ի չափով։
Որոշմամբ կատարվում է նաև 36,187.2 հազար դրամ գումարի չափով միջհոդվածային վերաբաշխում՝ թվով 4 հուշարձանի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով, մասնավորապես․
-
ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք Հայոց արքաների դամբարանի և հնավայրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման, ՀՀ Արարատի մարզի Տափի բերդի պարիսպներին կից օժանդակ շինությունների վերականգնման, ավտոկայանատեղի կառուցման, ՀՀ Վայոց Ձորի մարզի Սմբատաբերդի պարիսպների վթարային հատվածների և կից կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար 3 անգամ հայտարարված մրցույթները չեն կայացել: Հաշվի առնելով, որ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից շարունակաբար իրականացվում են Աղձք Հայոց արքաների դամբարանի և հնավայրի պեղման աշխատանքները, ինչպես նաև ՊՈԱԿ-ի անձնակազմում ներառված ճարտարապետները նախկինում գիտական աշխատանք են իրականացրել Արարատի մարզի Վեդի համայնքի Տափի բերդի պարիսպների, Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի Սմբատաբերդի պարիսպների վերականգնման ուղղությամբ՝ նախագծային փաստաթղթերը նախատեսվում է ձեռք բերել վերջինից՝ դրամաշնորհային պայմանագրի հիման վրա։
-
ՀՀ Սյունիքի մարզի Բաղաբերդ ամրոցի ամրակայման, նորոգման, վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար ևս 3 անգամ հայտարարված մրցույթները չեն կայացել, քանի որ հայտ չի ներկայացվել: Հաշվի առնելով, որ նախատեսվում է Բաղաբերդ ամրոցին առաջիկայում տալ արգելոց-թանգարանի կարգավիճակ՝ որպես «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված ՊՈԱԿ-ը, համաձայն փոփոխված կանոնադրության, իրավունք է ձեռք բերել մատուցելու նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայություններ՝ փաստաթղթերը նախատեսվում է ձեռք բերել վերջինից՝ դրամաշնորհային պայմանագրի հիման վրա։
-
Նախատեսվում է ավարտված շինարարական աշխատանքների համար 32,972.0 հազար դրամ գումարի չափով վճարումներ կատարելու նպատակով կատարել հատկացումներ մասնավորապես «Երևանի պետական հումանիտար քոլեջ» ՊՈԱԿ-ին ամրացված շենքի տանիքի վերակառուցման, «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին ամրացված շենքի ջեռուցման, «Երևանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կաթսայատան վերազինման աշխատանքների համար:
-
ՀՀ մարզերում ԳՏՃՄ լաբորատորիաների ձեռքբերման շրջանակում 525,862.2 հազար դրամ գումարի չափով առաջացած ոչ ռեզիդենտի հարկերի վճարման նպատակով կատարվել է վերաբաշխում և լաբորատորիաների ձեռքբերման միջոցառումներից հարկերի համար անհրաժեշտ գումարները կհատկացվեն «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին:
-
Նախատեսվում է նաև թույլատրել «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ-ին կատարել մարզադահլիճի ջեռուցման իրականացման և մասնակի նորոգման աշխատանքների համադրում 24.97%-ի չափով և ծավալների ավելացում 36.41%-ի չափով։ Վարպետության դպրոցին գումարը հատկացվել է ՀՀ կառավարության 14.12.2023թ․- ի N 2202-Ն որոշմամբ։ Աշխատանքների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նախագծային փոփոխություններ կատարել, մասնավորապես վինիլային հատակը փոխարինվել է ռետինե հատակով, ինչպես նաև փոփոխություններ են կատարվել մուտքերի դռների և լուսավորության մասով։