Կուրսկի մարզում լարվածությունը պահպանվում է: Տեղական իշխանությունը ժամեր առաջ հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են անցել դեպի Բելովսկի շրջան: Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նրանց առաջխաղացումը կանխվել է: Այնուհանդերձ, տեղական իշխանությունը կոչ է արել բնակիչներին լքել Բելովսկի տարածքը:
Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալով, սակայն, Ուկրաինայի զինված ուժերը նոր տարածքներ են գրավել և գերեվարել ռուս զինվորականների: Վոլոդիմիր Զելենսկին երեկոյան ելույթում հայտարարել է, որ ԶՈւ գլխավոր հրամանատարը զեկուցել է պատերազմը Ռուսաստանի տարածք տեղափոխելու մասին։ Նախագահը հավելել է՝ Ուկրաինան ապացուցում է, որ գիտի՝ ինչպես վերականգնել արդարությունը:
Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալով՝ Կուրսկի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով տուժել է 106 մարդ: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ շրջանից արդեն 76000 մարդ է տարհանվել:
Բելառուսի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հրահանգով Ուկրաինայի հետ սահման լրացուցիչ ուժեր և տեխնիկա տեղափոխելու մասին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: