Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ընթանում է ամառային 33-րդ օլիմպիական խաղերի փակման պաշտոնական արարողությունը:
Ֆրանսիայի մայրաքաղաքը երրորդ անգամ է հյուրընկալում ամառային օլիմպիական խաղերը:
Մարզադաշտում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ջաննի Ինֆանտինոն, հայտնում է BBC-ն:
Խաղերին մասնակցեց ավելի քան 10 հազար մարզիկ՝ 206 ազգային հավաքականից, ինչպես նաև չեզոք կարգավիճակով մարզիկներ Ռուսաստանից և Բելառուսից:
Ոսկե մեդալները ավելի քան 90 տոկոսով բաղկացած են արծաթից և ոսկեջրված են, արծաթե մեդալները պատրաստված են արծաթից, բրոնզե մեդալները՝ բրոնզից:
Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մինչև վերջին պահը գաղտնի էին պահում փակման արարողության ծրագիրը, թեև հայտնի էր, որ դրան կմասնակցեն այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Բիլլի Այլիշը, ամերիկյան Red Hot Chili Peppers ռոք խումբը, ռեփեր Սնուփ Դոգը և այլք:
Արարողությունը բացել են Էմանուել Մակրոնը և Թոմաս Բախը:
Օլիմպիական դրոշը փոխանցվեց այն քաղաքին, որը հաջորդ խաղերում հյուրընկալելու է Օլիմպիական խաղերը: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այն փոխանցեց Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսին:
Եվ հենց այս պահից սկսվելու է Լոս Անջելեսում կայանալիք հաջորդ Օլիմպիական խաղերի հետհաշվարկը:
Արարողությունը նախատեսված է 2028 թվականի հուլիսի 14-ին:
Այլ կերպ ասած՝ խաղերի անցկացմանը մնացել է 1434 օր:
Հայաստանի Օլիմպիական հավաքականը մեդալներ նվաճած 91 հավաքականների թվում 66-րդն է՝ 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով։
Մեր թիմի կազմում արծաթե մեդալներ են նվաճել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալակիր է դարձել ըմբիշ Մալխաս Ամոյանը: