Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 11-ին՝ ժամը 09:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ ցորենով բեռնված Shacman մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած Toyota մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։
Բեռնատարից և ավտոբուսից առկա է վառելիքի արտահոսք:
Ճշտված տվյալների համաձայն՝ 17 տուժած տեղափոխվել է Երևանի բժշկական կենտրոններ. մի քանի տուժածի փրկարարները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, 1 արգելափակված տուժածի դուրս բերել ավտոբուսից, 2 տուժածի պատգարակով մոտեցրել մոտակա բժշկական կենտրոն, մյուս տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: