Միջազգային հանրությունն արձագանքել է Գազայի դպրոցի հրթիռակոծությանը:
«Սարսափած եմ Գազայում որպես ապաստան ծառայած դպրոցի լուսանկարներից, որը տուժել է իսրայելական հարվածից և հանգեցրել տասնյակ պաղեստինցի զոհերի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Վերջին շաբաթների ընթացքում թիրախավորվել է առնվազն 10 դպրոց։ Այս զանգվածային սպանություններն արդարացում չունեն։ Անհանգստացած ենք զոհերի սարսափելի ընդհանուր թվից։ Պատերազմի սկզբից ի վեր սպանվել է ավելի քան 40 հազար պաղեստինցի: Մենք ցավում ենք և դատապարտում ենք նախարար Սմոդրիչին, որը դեմ է համաձայնագրին՝ ի հեճուկս Իսրայելի ժողովրդի շահերի։ Հրադադարը խաղաղ բնակիչների սպանությունները դադարեցնելու և պատանդների ազատ արձակումն ապահովելու միակ միջոցն է»,- նշել է Բորելը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին «ռազմական հանցագործություն և ցեղասպանության դրսևորում» է անվանել Իսրայելի բանակի հարվածը Գազայի դպրոցին: Նրա խոսքով՝ ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Իսրայելը չի պահպանում միջազգային իրավունքի նորմերն ու բարոյական սկզբունքները։
Կատարը ևս դատապարտել է Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը և կոչ արել միջազգային հետաքննություն անցկացնել:
Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից, իսրայելական կողմին կոչ են անում զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ Գազայի հատվածում նման հարվածները, որոնց զոհ են դառնում խաղաղ բնակիչները, կրում են համակարգված բնույթ:
«Կարծում ենք, որ դրանք արդարացում չունեն և չեն կարող ունենալ: Նման ողբերգությունները խոչընդոտում են կրակի շուտափույթ դադարեցմանը, ինչպես նաև պահվող անձանց փոխանակմանն ուղղված միջազգային ջանքերին»,- ասել է Զախարովան։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։