Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ օգոստոսի 11-ի առավոտյան Երևան քաղաքի Հերացի փողոցում ցորենով բեռնված Shacman մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին, կայանած Toyota մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։
Վթարի հետևանքով 20 անձ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բժշկական կենտրոններ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են դեպքի վայրի և վթարված տրանսպորտային միջոցների զննություն, այլ անհետաձգելի առաջնային քննչական գործողություններ։ Նշանակվում են դատաբժշկական փորձաքննություններ։
Վթարի պատճառների և հանգամանքների պարզման, տրանսպորտային միջոցների վարորդների արարքներին իրավական գնահատական տալու նպատակով իրականացվում է նախաքննություն։