Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ է հոսպիտալացվել 18 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
«Տուժածներից 2֊ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը՝ միջին ծանրության։
8 քաղաքացի անցնում է համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն»,- տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 09:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Պարզվել է, որ ցորենով բեռնված Shacman մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած Toyota մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։
Մի քանի տուժածի փրկարարները տեղում ցուցաբերել էին համապատասխան օգնություն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, 1 արգելափակված տուժածի դուրս բերել ավտոբուսից, 2 տուժածի պատգարակով մոտեցրել մոտակա բժշկական կենտրոն, մյուս տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: