Ուկրաինայի հետ սահմանին բելառուսական ուժերի տեղակայումը կարող է ուկրաինական զորքերին շեղել այդ ուղղությամբ և օգնել ռուսական կողմին:
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին առընթեր ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն:
«Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ Լուկաշենկոն կարող է կանխատեսել ցանկացած սադրանքի հետևանքները»,- նշել է պաշտոնյան:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լոիկաշենկոն Ուկրաինային մեղադրել է Բելառուսի օդային տարածքը խախտելու համար: Բելառուսի ղեկավարի խոսքով՝ ուկրաինացիները ցույց են տալիս, որ պատրաստ չեն խաղաղության և շարունակում են լարվածության սրումը։ «Երկու օր առաջ հարձակումը Կուրսկի ուղղությամբ, և այժմ այս սադրանքը»,- հավելել է Լուկաշենկոն։
Բելառուսի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, թե Կիևը սադրում է Մինսկին արտաքին խաղացողների հրահրմամբ:
«Այդ հանցավոր գործողությունները արմատապես սրում են իրավիճակը և վտանգավոր փորձ են տարածաշրջանում ընթացող հակամարտության գոտին ընդլայնելու համար: Ընդ որում` փորձում են ներգրավել Բելառուսին, որը մշտապես հանդես է գալիս ճգնաժամի կարգավորման և արյունահեղության դադարեցման օգտին»,- նշել են ԱԳՆ-ում: