Մեր դիրքորոշումն ապաշրջափակման մասին շատ հստակ է. մենք կողմակից ենք ապաշրջափակմանը, սակայն այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հարցին, թե ինչ գնահատական կտա այն հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրից ապաշրջափակման հարցը դուրս է եկել:
Հարցին՝ գործընթացի ձգձգումը, առկախումն ինչ հետևանքներ կարող է ունենալ, իսկ արագացումն ինչ օգուտներ կարող է տալ Իրանին, Հայաստանին ու տարածաշրջանին առհասարակ, դեսպանը պատասխանեց. «Բնական է՝ եթե տեղի է ունենում ապաշրջափակում, դրա հետևանքով, նաև դրա արդյունքում երթևեկությունն է մեծանում, բայց պետք է փոխադարձ պայմանավորվածություն և համաձայնություն լինի այդ մասով:
Եթե պայմանավորվածություն է լինում, նշանակում է՝ ավելի ենք մոտենում խաղաղությանը. դա տարածաշրջանի և տարածաշրջանի ժողովուրդների օգտին է: Եվ այն, ինչ իրականացվում է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, մենք դրա կողմնակիցն ենք»:
Անդրադառնալով Իրան-Իսրայել հարաբերություններին և վերջին շրջանում նկատելի լարվածությանը, հնարավոր հարձակումներին՝ դեսպանը հայտարարեց. «Մենք միշտ մեր թշնամիներին պատժել ենք, սակայն խելամտորեն և ժամանակին: Այս անգամ էլ մենք կպատժենք, և դա կլինի ժամանակին ու հաշվարկված»: