Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կարգադրել է չեղյալ հայտարարել Իսրայելում Նորվեգիայի դեսպանության ութ աշխատակցի դիվանագիտական կարգավիճակը: Այդ աշխատակիցները զբաղվում էին Պաղեստինի ղեկավարության հետ կապերով։
Կացը հիշեցրել է, որ Նորվեգիան ճանաչել է Պաղեստին Պետությունը և միացել է Միջազգային քրեական դատարանում Իսրայելի դեմ հայցին՝ պահանջելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերներ տրամադրել։ Նրա խոսքով՝ Նորվեգիան միակողմանի քաղաքականություն է վարում։
Խնդրին անդրադարձել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նա դատապարտել է Իսրայելի որոշումը, նշել՝ դա հակասում է Օսլոյի համաձայնագրերի ոգուն և անհամաչափորեն խախտում է Պաղեստինի վարչակազմի հետ նորմալ հարաբերություններն ու համագործակցությունը:
«Իմ հանձնարարությամբ Թել Ավիվում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեր դիրքորոշումը հասցրել է Իսրայելի կառավարությանը։ Սա ոչ թե երկկողմ հարց է Իսրայելի և Նորվեգիայի միջև, այլ հարց, որը հետաքրքրություն է ներկայացնում բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են հանուն Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության»,- նշել է Բորելը:
Նա Եվրամիության անունից համերաշխություն է հայտնել Նորվեգիային։