Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարն անդրադարձել է Մոսկվա-Կիև հնարավոր բանակցություններին, նշել, որ խաղաղության երկրորդ համաժողովին Ռուսաստանի ներկայացուցիչների հրավերը չպետք է մեկնաբանվի որպես բանակցությունների սկիզբ։ Անդրիյ Երմակը մանրամասնել է, որ համաժողովի ընթացքում ուկրաինական կողմը և Կիևի գործընկերները խաղաղության համատեղ նախագիծ կներկայացնեն Մոսկվային:
Երմակը շեշտել է՝ այժմ Ուկրաինայի գերնպատակը հաղթանակն է, որը ենթադրում է արդար խաղաղություն, տարածքային ամբողջականության վերականգնում, ապագա հարձակումներից անվտանգության երաշխիքների տրամադրում։
«Ուկրաինան պատրաստ չէ տարածքային զիջումների և չի համաձայնի Մինսկի նոր պայմանավորվածությունների», - նշել է պաշտոնյան։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը ռազմական գործողությունների դադարեցման նոր պայմաններ էր առաջ քաշել՝ ուկրաինական զորքերի դուրս բերում Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ամբողջ տարածքից: Ըստ ռուսական առաջարկի՝ Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցության մտադրությունից, հայտարարի չեզոք, ոչ միջուկային կարգավիճակ, ապառազմականացվի և ապազգայնականացվի, Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներն էլ պետք է վերացվեն, Ղրիմը և Սևաստոպոլը ճանաչվեն Ռուսաստանի մաս: Կիևը և նրա արևմտյան դաշնակիցներն անիրատեսական վերջնագիր են որակում Մոսկվայի պահանջները: