Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է Լիբանանում գտնվող Միացյալ Նահանգների քաղաքացիներին առաջին իսկ հասանելի չվերթով լքել Լիբանանի տարածքը: Մնալ ցանկացողներին դիվանագիտական առաքելությունը կոչ է արել գործողությունների երկարաժամկետ պլան մշակել և պատրաստ լինել պատսպարվելու:
Նման հայտարարությամբ դիվանագիտական ներկայացուցչությունը հանդես էր եկել նաև օգոստոսի 3-ին։
Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվել է հուլիսի 30-ից, երբ Իսրայելի բանակն ավիահարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաքին։ Ավելի ուշ հայտնի է դարձել Ֆուադ Շուքրի սպանության մասին, որը բարձրաստիճան հրամանատար էր և Հըզբոլլահի գլխավոր քարտուղարի «աջ ձեռքը»:
Շարժման առաջնորդ Սայեդ Հասան Նասրալլան նախազգուշացրել է՝ Հըզբոլլահի պատասխանն Իսրայելի հարձակումներին կլինի «ուժեղ և արդյունավետ»: Իսրայելական կողմն իր հերթին հայտարարել է՝ լայնածավալ պատերազմ չեն ցանկանում, սակայն պատրաստ են ցանկացած սցենարի: