Ես խորապես մտահոգված եմ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով և աջակցում եմ նախագահ Բայդենի, նախագահ աս-Սիսիի և էմիր Ալ Թանիի կոչին՝ սկսելու իրականացնել հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Ժամանակն է օգնություն ցուցաբերել ինչպես պատանդներին, այնպես էլ Գազայի բնակչությանը»,- X-ի իր էջում գրել է Շոլցը։
ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի կոչին Եվրամիության անունից աջակցություն է հայտնել նաև Ժոզեպ Բորելը։
«Մենք կրկին հայտարարում ենք մեր լիակատար աջակցությունը տառապանքի անտանելի շրջափուլին վերջ տալու նրանց միջնորդական ջանքերին։ Գործարքը նաև ճանապարհ կհարթի տարածաշրջանում ապաէսկալացիայի համար»,- X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։
Ավելի վաղ Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի ջանքերին աջակցելու մասին էր հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Կատարը կոչ էին արել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը օգոստոսի 15-ին վերսկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի շուրջ՝ Դոհայում կամ Կահիրեում: Իսրայելը հայտնել էր իր պատվիրակությունը բանակցությունների ուղարկելու համաձայնության մասին: