Հայաստանի արտգործնախարարությունը աջակցություն է հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանն ուղղված՝ Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերին:
«Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ վտանգված են մարդկային կյանքերն ու խաղաղությունը երկրում, Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը: Հուսով ենք, որ հաջորդ քննարկումների ընթացքում կարձանագրվեն շոշափելի արդյունքներ, որոնք կթեթևացնեն տուժած բնակչության վիճակը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը ողջունել էին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։