Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 9-ին այց է իրականացրել Գեղարքունիքի մարզ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:
Անահիտ Մանասյանը Գավառում հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ:
Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։ Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրների, որոնք առնչվում են ջրամատակարարմանը, բժշկական օգնության տրամադրմանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը։ Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը, կանանց զբաղվածությանը:
Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:
Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել ՄԻՊ աշխատակազմի կողմից կազմակերպված «Կանանց իրավունքների պաշտպանություն և խթանում գործարարության ոլորտում» թեմայով քննարկմանը, որին մասնակցել է մարզում բիզնես ոլորտում տարբեր գործունեություններ իրականացնող ավելի քան 40 կին, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բռնի տեղահանված անձինք:
Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևոր ուղղություններից է։ Այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմում գործում է գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժինը։
Քննարկման շրջանակներում Անահիտ Մանասյանն ընդգծել է իրավահավասարության երաշխավորման կարևորությունը, գոյություն ունեցող կարծրատիպերը հաղթահարելու անհրաժեշտությունը:
«Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը»,- ասել է Պաշտպանը:
Քննարկման մասնակիցները ներկայացրել են գործարարության ոլորտում հանդիպող մարտահրավերները, հանդես եկել առաջարկներով:
Հատուկ անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը և այդ ուղղությամբ Պաշտպանի իրականացրած աշխատանքներին:
Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էլլադա Հակոբյանն էլ ներկայացրել է ստորաբաժանման գործառույթներն ու նպատակները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել նաև «Գավառի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի սաների և ուսուցչական անձնակազմի հետ։
Պաշտպանն ընդգծել է, որ նման հանդիպումների միջոցով հնարավորություն է ստեղծվում երեխաներից լսել իրենց հուզող հարցերը և անձամբ ներկայացնել երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները:
Դպրոցականներին ներկայացվել են Պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը:
Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի մի շարք հարցերի:
Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:
Այցի շրջանակներում Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է նաև Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում:
Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքային մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ: