ԱՍՀՆ-ն Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ տեղեկացնում է, որ երեխան պետության խնամքին տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին՝ անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով (առողջական խնդիրները մանրամասնորեն չեն նշվում՝ հաշվի առնելով, որ տեղեկությունը պարունակում է բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ):
«Պետության խնամքի հաստատություններում ապրում են նաև առողջական ծանր խնդիրներով երեխաներ, և, ցավոք, կան հիվանդություններ, որոնք կյանքի հետ հաճախ անհամատեղելի են։
2024 թվականի օգոստոսի 2-ին՝ մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումները եղել են ապարդյուն, երեխայի մոտ գրանցվել է մահ։
Դեպքի մասին խնամքի հաստատությունն անմիջապես հաղորդել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի հերթապահ մաս»,- նշվում է ԱՍՀՆ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը
1lurer.am-ին
հայտնել էր, որ հանկարծամահության դեպքի փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով) հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահվան պատճառները պարզելու նպատակով։