Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Օգոստոսի 15-ից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:
«Հավելեմ, որ նշված փողոցներում շուրջ երեք տասնյակ երթուղիներ են սպասարկվում։ Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: Բացի այդ, Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Տրանսպորտային համակարգի բարելավման աշխատանքները շարունակական են, և ապագայում նախատեսվում են ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնում՝ նպաստելով ավելի արդյունավետ և հարմարավետ հասարակական տրանսպորտի կազմակերպմանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը: