Հայտավորում ստացած միջազգային 3 ընկերություններ դիմել են ՆԳՆ-ին՝ երկարաձգելու կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացին առնչվող՝ վերջնական առաջարկների և խնդիրների քննարկման հետ կապված փուլը, ինչի արդյունքում ակնկալվում է ապահովել ՊՄԳ ծրագրի առավել պատշաճ և որակյալ իրականացում։ Որոշման նախագիծը Կառավարության օգոստոսի 8-ի նիստին ներկայացրեց ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Զեկուցողը մանրամասնեց՝ նախագիծը վերաբերում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ՀՀ քաղաքացիներին նոր ձևաչափով նույնականացման քարտեր և բիոմետրիկ անձնագրեր տրամադրելու ծրագրի իրականացմանը: Նախագծով կարգավորվում են երկրորդ, բուն մրցութային ձևաչափին վերաբերող հարցեր, որոնք թույլ կտան ավելի որակյալ իրականացնել պրոցեսը և ընտրել լավագույն մատակարարին, որը կկարողանա քաղաքացիներին ծառայություններ մատուցել:
«Այժմ բանակցությունների փուլն է, և մենք հայտատուներից ունենք խնդրանք, որպեսզի մի փոքր երկարաձգենք իրենց կողմից վերջնական առաջարկների և խնդիրների քննարկման հետ կապված փուլը, որպեսզի առաջարկի հարցումը ձևակերպենք շատ ավելի գրագետ և վերջնական, որովհետև այս փուլն արդեն ամենակարևոր փուլն է ամբողջ պրոցեսի, որտեղ սխալվելու հավանականություն ունենալ չենք կարող, և, հետևապես, ի վերջո, գծագրենք այնպիսի առաջարկի հարցում, որը կբավարարի մեր բոլորի կարիքները»,- ասաց Արփինե Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ այս պահին քննարկվում են ենթակառուցվածքների հետ կապված հարցեր, թե որտեղ պետք է ծառայությունը մատուցվի, որտեղ պետք է լինի սերվերային տնտեսությունը, ինչպես պետք է իրականացվի արտադրական պրոցեսը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ այս ժամանակացույցով շարժվելու դեպքում անձնագրերի և նույնականացման քարտերի՝ նոր ձևաչափով թողարկումը երբ կմեկնարկի:
«2025-ի մարտի վերջի դրությամբ կունենանք հաղթող մասնակցի հայտարարում, դրան անմիջապես կհաջորդի պայմանագրի կնքումը, որից հետո մինչև 1 տարի ժամկետ է տրամադրվելու մատակարարին, որպեսզի ենթակառուցվածքը բերի մեր ուզած ստանդարտին, այսինքն՝ մինչև 2026 թվականի մարտը, իհարկե, եթե գործընկերներն ավելի սեղմ ժամկետում չկարողանան սա իրականացնել»,- ասաց Արփինե Սարգսյանը:
Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ կունենա՞նք անձնագրեր և նույնականացման քարտեր, որոնք թույլ են տալու ՀՀ քաղաքացուն՝ սահմանն անցնել առանց սահմանապահի հետ ֆիզիկական կոնտակտի, այդ թվում՝ եվրոպական սահմանը: Արփինե Սարգսյանը հաստատեց՝ գործընթացը հենց դրան է տանելու, որպեսզի ՀՀ-ում ներդրվի բիոմետրիկ տվյալների ճիշտ համակարգ:
«Այս պահի դրությամբ ինչո՞ւ այդ համակարգը չի կարող գործել. որովհետև մենք ուղղակի բիոմետրիկ համակարգ չունենք: Մենք չենք ուզում մեր քաղաքացիներին առաջարկել կենսաչափական անձնագիր պարզապես անվանումով՝ «կենսաչափական», և դրա հետևում չլինի աշխատող, ներդրված ենթակառուցվածք»,- ասաց նա՝ նշելով, որ ողջամտորեն ընտրված ժամկետներում այնպիսի ենթակառուցվածք կներդրվի, որը տասնյակ տարիներ կկարողանա ծառայել որպես լավ հենք, քանի որ այս պահին ենթակառուցվածքները մաշված են:
Մհեր Գրիգորյանը, խոսքն ուղղելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, նշեց, որ այս պահից պետք է մտածել նաև օդանավակայանում տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղությամբ, որպեսզի բիոմետրիկ համակարգը լիարժեք գործի ոչ թե որպես անձնագիր, բուկլետ, այլ որպես քաղաքացուն ծառայություն մատուցող անձնագիր: