Իրանը երբեք չի լռի, երբ հարցը վերաբերում է իր շահերի և անվտանգության ոտնահարմանը՝ հայտարարել է Իրանի նախագահը Ֆրանսիայի ղեկավարի հետ հեռախոսազրույցում՝ մեկնաբանելով օրերս Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը:
Ըստ հաղորդագրության՝ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է, որ տարածաշրջանում էսկալացիա հրահրելու՝ Իսրայելի փորձերը և հանցագործություններն անպատասխան չեն մնա: Այնուհանդերձ, նա հավաստիացրել է, որ համաշխարհային խաղաղությունը Թեհրանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքն է:
Իրանի նախագահը կարծիք է հայտնել, որ տեղի ունեցածի համար մեղավոր է
նաև Արևմուտքը, այդ թվում՝ ԱՄՆ-ը:
«Եթե Արևմուտքը իսկապես ցանկանում է վերջ դնել տարածաշրջանում անկայունությանը, ապա պետք է անհապաղ դադարեցնի Իսրայելին աջակցությունը», - նշել է Փեզեշքիանը:
Նա հավելել է՝ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում համարժեք արձագանք տալ: