Վաշինգտոնը և ԱՄՆ դաշնակիցները ուղիղ ուղերձ են հղել Իսրայելին և Իրանին, որ ոչ ոք չպետք է գնա էսկալացիայի ճանապարհով՝ հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ճեպազրույցի ժամանակ:
«Շարունակում ենք ինտենսիվ աշխատել Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու և հակամարտության տարածումը կանխելու ուղղությամբ: Վերջին օրերին մշտական կապի մեջ ենք եղել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս գտնվող գործընկերների հետ», - նշել է դիվանագետը:
Միաժամանակ Բլինքենն ընդգծել է, որ Իսրայելի և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի անվտանգությունն ապահովելու ԱՄՆ պատրաստակամությունն անսասան է։
«Հետագա հարձակումները հղի են վտանգավոր հետևանքներով, որոնք ոչ ոք չի կարող կանխատեսել կամ լիովին վերահսկել», - մտահոգություն է հայտնել պետքարտուղարը։
Էնթոնի Բլինքենը նաև տեղեկացրել է, որ Գազայի հատվածում հրադադարի հասնելու և պատանդներին վերադարձնելու գործարքի շուրջ բանակցություններն այժմ վճռական փուլում են, ուստի տարածաշրջանում հանգստության ապահովումը հրամայական է: