Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Եվրամիությունը «ստի բրյուսելյան գործարան» է անվանել՝ բողոքելով, թե Միությունը խոչընդոտում է ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու՝ վարչապետ Վիկտոր Օրբանի նախաձեռնությունները, աջակցում նավթի տարանցման դադարեցմանը և դեմ արտահայտվում Բուդապեշտի միգրացիոն քաղաքականությանը:
Նա նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարին մեղադրել է «հունգարաֆոբիայի» համար:
Հուլիսի 16-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն արձագանքել էր ԵՄ խորհրդում նախագահող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան և ԱՄՆ կատարած այցերին: Reuters-ի տվյալով՝ Միշելը շեշտել է, որ Եվրոպական խորհուրդը Հունգարիայի վարչապետին մանդատ չի տրամադրել՝ Միության անունից հանդես գալու որպես Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունների նախաձեռնող:
Ինչ վերաբերում է միգրացիոն քաղաքականությանը, մի շարք ԶԼՄ-ներ ավելի վաղ գրել էին, որ Բուդապեշտը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ընդգրկել է այսպես կոչված «ազգային քարտ» ծրագրում: Դրա համաձայն՝ ծրագրի մասնակիցները կարող են աշխատանք գտնել ցանկացած ոլորտում և Հունգարիա տեղափոխել իրենց ընտանիքները։