Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է լինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս։
Այս հայտարարությունն, ըստ համահայկական միության՝ իր կարևորությամբ շոշափում է երկու հիմնահարց՝ առաջինը Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի անժխտելի անհրաժեշտությունը, երկրորդ՝ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում նախկինում բնակված և 1988-1992 թթ․ էթնիկ զտման ենթարկված հայության խնդիրը, որը տասնամյակներ շարունակ չի ստացել միջազգային իրավաքաղաքական անհրաժեշտ գնահատական։
«Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների վերականգնման խնդրի մասին խոսելիս միջազգային հանրությունը, տարանջատելով երկու խնդիրներն, այնուհանդերձ, պետք է հստակորեն տեսնի դրանցում առկա պատճառահետևանքային կապը, ադրբեջանական «տարբեր» վարչակարգերի նույնությունը, երբ խոսքը գնում է հայկականության ոչնչացման մասին»,- ասվում է հայտարարությունում։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունը կոչ է անում Տոյվո Կլաարին հաշվի առնել անցյալի հանցանքների նկատմամբ համապատասխան պատժի անհրաժեշտությունը և նպաստել նման մեխանիզմների ստեղծմանը։