Ռուսական և ուկրաինական կողմը հայտնել են Կուրսկի շրջանում ռազմական գործողությունների մասին։ Շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը կանխել են Կուրսկի մարզում սահմանը ճեղքելու՝ ուկրաինական կողմի փորձը:
«Ուկրաինայի զինված ուժերի 300 զինվորական առավոտյան ժամը 8-11-ը տանկերով և 22 զրահապատ մեքենայով գրոհել է Կուրսկի շրջանի ռուսական դիրքերը: Սահմանապահ զորքերը հետ են մղում գրոհները, հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժին և տեխնիկային, ոչնչացվել է 16 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ 6 տանկ»,- հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Միևնույն ժամանակ, ուկրաինական լրատվամիջոցները նշել են, որ Ուկրաինայի զինված ուժերն ընդլայնում են առաջընթացը Կուրսկի շրջանում։ Նշվում է, որ ռուսական կողմը չի վերահսկում իրավիճակը, շրջանն ինտենսիվ գնդակոծության է ենթարկվում։ Սմիրնովն էլ հայտնել է, որ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել, մոտ 20 մարդ վիրավոր է։