Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Այդ մասին հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը:
Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ խոսելով տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման կարևորության մասին՝ Բաղերի Քանին դատապարտել է Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտումները, ընդգծել Իրանի օրինական իրավունքը՝ պաշտպանելու իր անվտանգությունը, ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Նախարարը ներկայացրել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության մանրամասները։ Բաղերի Քանին նաև ուշադրություն է հրավիրել Գազայում շարունակվող գործողություններին, դրանք անվանել «ցեղասպանական պատերազմ և հանցագործություն»։
Սիյարտոն պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու երկխոսությունը Իրանի և Հունգարիայի միջև, հայտարարել, որ Բուդապեշտն ուշադիր հետևում է տարածաշրջանի, այդ թվում՝ Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին: Հունգարացի դիվանագետի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ էսկալացիան կանխելու համար։