Դեպի Օլիմպիական կրկնակի չեմպիոնություն. ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի եզրափակիչ և վաղը կպայքարի ոսկե մեդալի համար:
Փարիզ-2024-ի կիսաեզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է կուբացի Գաբրիել Ռուսիլոյի հետ և 5:3 հաշվով փայլուն հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ։
Ալեքսանյանը մեկնարկում ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում գոտեմարտել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն, 40-ամյա Ռուստամ Ասակալովի հետ և վերջին վայրկյաններին կամային բարձր որակների շնորհիվ տպավորիչ հաղթանակ տարել 9:5 հաշվով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում ուժերը չափել է Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսակայի հետ և 1-3 հաշվով ցավալի պարտություն կրել՝ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ:
Ամոյանը վաղը կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչը:
Ամոյանը մեկնարկում 8:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 3:0 հաշվով առավելության էր հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադիի նկատմամբ:
Ամոյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: Նա աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի առաջնությունների եռակի հաղթող:
Նախքան այս փուլը Արթուր Ալեքսանյանը 9-5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ասակալովին և դուրս եկել կիսաեզրափակիչ, իսկ դրանից առաջ 9-0 հաշվով հաղթել էր Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: