Պարեկային ծառայությունը օգոստոսի 2-ին Երևանում ուժեղացված ծառայություն է իրականացրել։
«Հրահանգավորումից հետո Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը ներկայացրել է ուժեղացված ծառայության նպատակները՝ հատուկ ուշադրություն դարձնել վարորդների սթափությանը, թաղանթապատված ապակիներով կամ գերձայնային ազդանշաններով վերասարքավորված և լուսային սարքերի կանոնների խախտմամբ տրանսպորտային միջոցներին, նաև ոչ սահմանված վայրով փողոցը հատող հետիոտներին։
Մայրաքաղաքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 853 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 55 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 18, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 42 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 3, տեխնիկական զննություն չանցած՝ 25, չամրակապված վարելու՝ 88, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 52, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 28, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 95 և 352 այլ իրավախախտում։ 64 մեքենա շահագործվել է թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 12 մեքենա՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ:
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Երևան քաղաքի վարչության ենթակա բաժիններ են տեղափոխել 17 անձի, որոնցից 4-ը՝ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, 1-ը՝ զենք-զինամթերք պահելու կասկածանքով։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- ասված է հաղորդագրության մեջ։