ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն առցանց ընտրությունում անհրաժեշտ թվով ձայներ է ստացել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար՝ գրում է CNN-ը։
Դեմոկրատ պատվիրակների քվեարկությունը մեկնարկել է օգոստոսի 1-ին և կավարտվի օգոստոսի 5-ին։ Հարիսն արդեն 2300-ից ավելի ձայն է ստացել:
ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ համաձայն է սեպտեմբերի 4-ին FoxNews-ի եթերում բանավեճ անցկացնել Քամալա Հարիսի հետ: Նա նշել է, որ այն կարող է կազմակերպվել ավելի վաղ տեղի ունեցած Բայդեն-Թրամփ բանավեճի տրամաբանությամբ, սակայն նախկին նախագահը ցանկություն է հայտնել, որ այս անգամ տաղավարում հանդիսատես լինի:
Քամալա Հարիսի թիմը դեռ չի արձագանքել Դոնալդ Թրամփի հայտարարությանը։
Հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս ընտրապայքարից և աջակցություն հայտնում Հարիսի թեկնածությանը։ Այդ հայտարարությունից ժամեր անց փոխնախագահին աջակցություն են հայտնել նաև մի շարք ազդեցիկ դեմոկրատներ, այդ թվում՝ Բիլ և Հիլարի Քլինթոնները, Կալիֆոռնիայի նահանգապետը, ԱՄՆ տրանսպորտի նախարարը: