Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է իսրայելական բանակի մոտ 7 կգ քաշով մարտագլխիկով փոքր հեռահարության արկի կրակոցից: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
ԻՀՊԿ-ն մեղադրել է ԱՄՆ-ին՝ Հանիեի սպանությանն աջակցելու համար և խոստացել վրեժ լուծել:
«Հանիեի արյունը թափելու պատասխանը կլինի խիստ պատիժը, որը վրա կհասնի համապատասխան կերպով հարմար վայրում և ժամանակամիջոցին»,- հայտարարել է ԻՀՊԿ-ն:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հուլիսի 31-ին հայտնել է Հանիեի մահվան մասին Թեհրանում նրա բնակության վայրի վրա հարձակման ժամանակ, ուր նա ժամանել էր Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու: ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ սպանության պատասխանատվությունը կրում են Իսրայելը և ԱՄՆ-ը՝ խոստանալով, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա։