Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, ընդ որում՝ ամենամեծ հանցագործությունն է։
2014 թվականի օգոստոսի 3-ի ողբերգությունից անցել է 10 տարի։ 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առջև տեղի ունեցավ ցեղասպանություն, որը մինչ օրս ավարտված չէ․ շուրջ 2600 կանայք և աղջիկներ դեռևս գտնվում են իսլամիստների ձեռքում, իսկ 100 հազարավոր եզդիներ՝ ճամբարներում։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի Ֆեյսբուքի էջում:
«Այս տարին խորհրդանշական էր իմ, վստահ եմ՝ նաև ազգակիցներիս համար, քանի որ Ազգային ժողովն ընդունեց իմ հեղինակած նախագիծը՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, և ամրագրեց օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի՝ Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Սա պատմական իրադարձություն էր և՛ եզդիների, և՛ Հայաստանի Հանրապետության համար, քանի որ, չնայած տասնյակ պետություններ են դատապարտել եզդիների ցեղասպանությունը, բայց մենք ամրագրեցինք այն որպես Հիշատակի օր։
Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու համար պետք է խորացնել ցեղասպանությունների կանխարգելման հանձնառությունն ամբողջ աշխարհում՝ դիվանագիտական ռազմավարություններում, աշխարհաքաղաքականությունում և մարդկանց ընկալումներում:
Հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի վառ հիշատակին՝ հուսով եմ, որ մարդկությունն այլևս նման հրեշավոր ոճրագործությունների զոհ չի դառնա»,- գրել է պատգամավորը: