Սպիտակ տունը հաստատել է, որ Ռուսաստանում ազատազրկված նախկին զինծառայող Փոլ Ուիլանը, քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան, լրագրողներ Ալսու Կուրմաշևան և Էվան Գերշկովիչը ազատ են արձակվել և վերադառնում են ԱՄՆ։
«Ռուսաստանի հետ պայմանավորվածության արդյունքում ազատ է արձակվել 16 քաղբանտարկյալ, այդ թվում՝ Գերմանիայի 5 և ՌԴ 7 քաղաքացի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ջո Բայդենի հայտարարության համաձայն՝ փոխանակման գործարքը կյանքի է կոչվել նաև Գերմանիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Նորվեգիայի և Թուրքիայի դիվանագիտական ջանքերով։
Թե արտասահմանում դատապարտված ռուսաստանցիներից ովքեր են ուղարկվել Ռուսաստան, չի նշվում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Անկարայում գերիների փոխանակում է իրականացվել: Գործարքի շրջանակում, ըստ թուրքական լրատվամիջոցների, 10 մարդ տեղափոխվել է Ռուսաստան, 13 մարդ՝ Գերմանիա, երեքը՝ ԱՄՆ։ Նաև, ըստ ԶԼՄ-ների, Ռուսաստանը ազատ է արձակել նաև ռուս քաղաքական գործիչ Իլյա Յաշինին։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։