ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիներին և Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին։
«Հարավային Կովկասի ավելի լայն իրավիճակի համատեքստում սա մի բան է, որում պետքարտուղարը և գերատեսչությունը շարունակում են խորապես ներգրավված լինել: Ես ձեզ համար նորություններ չունեմ, քանի որ դա վերաբերում է գործընթացին: Երբ խոսքը պահվող անձանց մասին է, մենք հստակ և հետևողական ենք եղել, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան, և պետք է հարգի նրանց մարդու իրավունքները, և դա վերաբերում է նաև այս դեպքին»,- ասել է պաշտոնյան։
Լրագրողը հարց է ուղղել Իրանի կողմից Հայաստանին իբր զենք վաճառելու մասին օրերս հրապարակված տեղեկությանը, որը կողմերը հերքել են, սակայն Պատելը նշել է, որ մեկնաբանություն չունի։ Նա հրաժարվել է պատասխանել նաև հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ հարցին։ Պատելը ողջունել է ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից հեռանալը։