Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից տեղեկացնում են, որ այսօր այսօր՝ ժամը 10:50-ի սահմաններում, ընկերությանը պատկանող Կապանի բազա տեղամասում տեղի է ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար՝ բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում։ Մահացել է ընկերության աշխատակից Արսեն Մաքսիմի Զախարյանը (55 տարեկան)։
«Դեպքի մասին անմիջապես իրազեկվել են պատկան մարմինները, հարուցվել է քրեական գործ։ Ընկերությունը հետամուտ է լինելու իրավապահ մարմինների քննությանը զուգահեռ ներքին պատշաճ հետաքննության անցկացման հարցում։ Անվտանգության կանոնների խախտման կամ ոչ պատշաճ կիրառման հայտնաբերման դեպքում պատասխանատուները կկրեն նաև ընկերության ներքին կանոնակարգերով սահմանված պատիժ։
Աշխատավայրում դժբախտ պատահարների զգալի մասը, ըստ համաշխարհային վիճակագրության, տեղի են ունենում անվտանգության կանոնների խախտման հետևանքով։ Ցավոք, չնայած վերջին տարիներին ընկերությունում ներդրվող անվտանգության խստացված կանոններին և պատահարների թվի նվազեցմանն ուղղված ջանքերին, աշխատակիցների շրջանում վարքագծի փոփոխությունը ժամանակատար գործընթաց է։ Ընկերության ղեկավարությունը շարունակելու է հետամուտ լինել խստագույն մեթոդներով անվտանգության կանոնների պատշաճ պահպանության ներդրմանը՝ ընկերության արտադրական և ոչ արտադրական բոլոր տարածքներում»,- ասված է հաղորդագրության մեջ։