Անկարայի միջազգային օդանավակայանում Արևմուտքի և Ռուսաստանի միջև կալանավորների փոխանակում է տեղի ունեցել: Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Նորվեգիան, Սլովենիան, Բելառուսը և Լեհաստանը փոխանակել են գերիների։ Սա իր տեսակի մեջ ամենախոշոր փոխանակումն է սառը պատերազմի ավարտից ի վեր: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ռուսական բանտերից ազատ է արձակվել 16 բանտարկյալ։ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Մոսկվան վերադարձրել է իր 8 քաղաքացու՝ երկու երեխաների հետ։ Փոխանակման մեջ ներգրավված յոթ երկիր ընդհանուր առմամբ ազատ է արձակել 24 բանտարկյալի։ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է նաև, որ փոխանակվողների մեջ եղել է երկու անչափահաս:
Ռուսաստանը բաց է թողել Wall Streeet Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին և նախկին ծովային Փոլ Ուիլանին, որոնք դատապարտվել էին լրտեսության համար, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևային, որն ԱՄՆ-ի և ՌԴ-ի երկքաղաքացիություն ունի։ Ռուսաստանը բաց է թողել նաև պետական դավաճանության համար դատապարտված հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզային: Գերմանացի Ռիկո Կրիգերը, որը Բելառուսում դատապարտվել էր մահապատժի լրտեսության համար, նույնպես ազատ է արձակվել: Ռուսաստան վերադարձողների թվում է Վադիմ Կրասիկովը, որը Գերմանիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ չեչեն գրոհայինների ղեկավարներից մեկի սպանության համար:
Անկարայի թռիչքից հետ ինքնաթիռը վայրէջք է կատարել Քյոլնի օդանավակայանում: Ազատ արձակվածներին դիմավորել է Գերմանիայի կանցլերը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: