ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
«Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկան և հսկողության բաժնի և մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի և վերջինիս ուղեբեռը:
Մաքսային զննման արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել է 22 պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարեր և 2 GIA մակնշմամբ սերտիֆիկատ: Ադամանդանման քարերի ընդհանուր քաշը կազմել է 244 գրամ։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն՝ խնդրո առարկա ադամանդանման թափանցիկ քարերը մշակված բնական ադամանդներ լինելու պարագայում, դրանց արժեքը հնարավոր է գերազանցի 8.000.000 (ութ միլիոն) ՀՀ դրամը։
«Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերից միայն 29 հատի մաքսային արժեքը գերազանցել է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը:
Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։