Իսրայելի ռազմական հետախուզությունը հաստատել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատար Մուհամմեդ Դեյֆի սպանությունը հուլիսին՝ օդային հարձակման հետևանքով: Կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում՝ Խան Յունիսում գտնվող օբյեկտին:
Գազայի առողջապահության նախարարությունն այն ժամանակ հայտարարել էր, որ հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 90 մարդ: ՀԱՄԱՍ-ը դեռևս չի մեկնաբանել այդ հաղորդագրությունը։
Մուհամմեդ Դեյֆը, որը համարվում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության չափազանց կարևոր դեմքը, երկար տարիներ եղել է իսրայելական բանակի գլխավոր թիրախը: Նախկինում նրան հաջողվել է փախչել իսրայելական բանտից և ողջ մնալ առնվազն յոթ մահափորձից հետո։
Իսրայելը Դեյֆին մեղադրում է 1996 թվականին ավտոբուսների պայթյունները պլանավորելու և ղեկավարելու համար, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ իսրայելցիներ, ինչպես նաև 1990-ականների կեսերին երեք իսրայելցի զինվորի գերեվարման և սպանության հարցում ներգրավվածության համար:
Իսրայելական կողմը պնդել է, որ Դեյֆը նաև եղել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման կազմակերպիչներից մեկը, երբ մոտ 1200 իսրայելցի և օտարերկրացի՝ հիմնականում խաղաղ բնակիչներ, սպանվել են, ևս 251-ին որպես պատանդ տեղափոխել են Գազա: Դա հանգեցրել է իսրայելական խոշոր ռազմական գործողության Գազայի հատվածում: Ըստ Գազայի հատվածի առողջապահության նախարարության՝ մինչև հիմա այնտեղ զոհվել է ավելի քան 38 700 պաղեստինցի: