Ֆրանսիայի Սենատի՝ Օտարերկրյա ազդեցության ուսումնասիրման հանձնաժողովը «Վնասակար արտաքին միջամտության դեմ պայքարը» վերտառությամբ զեկույց է ներկայացրել՝ ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով նաև Բաքվին: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը նոր վտանգավոր տարր է միջազգային ասպարեզում, որը սպառնում է Ֆրանսիային և վարկաբեկում ժողովրդավարությունը։
«Հայաստանին Փարիզի աջակցությունից հետո Ադրբեջանը սկսեց ակտիվ թշնամանք դրսևորել: Դա արտահայտվում է Ֆրանսիայի ներքին գործերին միջամտելու փորձերով։ Ֆրանսիացի նախարարները նշել են Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում աննախադեպ ճգնաժամը»,- ասված է փաստաթղթում։
Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը Ռուսաստանի աջակցությամբ և ոչ պետական կառույցների միջոցով, գործողություններ է իրականացնում Ֆրանսիայի դեմ: «Այդ գործողությունները տարածվում են նաև ֆրանսիական անդրծովյան տարածքների վրա»,- ընդգծվում է փաստաթղթում:
Նշվում է, որ Բաքուն նաև ապատեղեկատվական արշավ է կազմակերպել Օլիմպիական խաղերի դեմ։