Թուրքիայի արտգործնախարարը Sabah թերթի հետ հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Հայատան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին և հայ-թուրքական հարաբերություններին: «Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվում է բանակցային գործընթացը։ Պետք է պատրաստենք մեր սցենարը, որ այն դրական ավարտ ունենա: Այս պահին այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում»,- նշել է Հաքան Ֆիդանը: Նա հավելել է՝ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացները դրական հանգուցալուծում ստանան, դա կազդի նաև հայ-թուրքական սահմանի բացման վրա:
Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ ՀՀ ԱԳՆ տվյալով՝ նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Ըստ հաղորդագրության՝ պաշտոնյաներն ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը: