ՆԱՏՕ-ից Թուրքիային բացառելու Իսրայելի կոչն աջակցություն չի ստանա դաշինքում՝ կարծում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 28-ին ասել էր, որ իր երկիրը կարող է «մտնել Իսրայել» այնպես, ինչպես մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն արձագանքել էր՝ կոչ անելով ՆԱՏՕ-ից բացառել Թուրքիային, որն այս դաշինքի ամենահին անդամներից է։
«Իսրայելի արտգործնախարարի կոչից ոչինչ չի ստացվի։ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող կասկածի տակ դրվել։ Բացի դրանից՝ Թուրքիան միակ երկիրը չէ, որի կարծիքը պաղեստինյան հարցում չի համընկնում Արևմուտքի հետ։ Կան երկրներ, որոնք նույնպես Իսրայելի դեմ դիրքորոշում ունեն՝ ձայների տարբեր տոնայնությամբ: Պաղեստինի պետության ճանաչման համատեքստում իրենց դիրքորոշումը պաշտոնապես հայտնել են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան»,- ասել է Ֆիդանը Sabah թերթին։