ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին։ Այդ մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
Համաժողովը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈՒ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո և նպատակ ուներ ուսումնասիրելու պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները, ինչպես նաև իրազեկ լինելու այդ ուղղությամբ գործընկերային լուծումներին և ռազմաքաղաքական ու արդյունաբերական վերջին զարգացումներին։
Համաժողովի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպում է ունեցել բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ։
Քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։