ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում Հայաստանի և Վրաստանի 60 երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագրի շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն, երկու երկրներից երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր բարեկամական հարաբերությունները և երիտասարդների մասնակցությամբ նման ծրագրերի իրականացման կարևորությունը այդ հարաբերությունների շարունակականության ապահովման առումով։
«Մեր երկու ժողովուրդների միջև ձևավորված բարիդրացիական և ամուր բարեկամական կապերի ժառանգությունը սերունդներին փոխանցելը կարևոր է բոլորիս համար: Հայաստան-Վրաստան միջկառավարական համագործակցության բաղադրիչ հանդիսացող նման ծրագրերը հնարավորություն են տալիս երիտասարդներին ճանաչել միմյանց՝ ապագայում հանդես գալու որպես հայ-վրացական բարեկամության դեսպաններ: Երկկողմ ձևաչափով իրականացվող այս ծրագրերը ամրացնում են բարեկամական կապերը`հիմքեր ստեղծելով նաև հետագայում այլ համագործակցային նախագծերի համար։ Ժողովրդավարության զարգացման ուղին բռնած Հայաստանը և Վրաստանը հանրային կյանքի տարբեր ոլորտներում ունեն բարեփոխումների համեմատելի օրակարգ, և փորձի փոխանակումը այդ թվում նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում օգտակար է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարի տեղակալը կարևորել է ծրագիրը նաև միջմշակութային հաղորդակցության տեսանկյունից՝ շեշտելով, որ մշակութային երկխոսությունը բարեկամության ամրացման ամենաարդյունավետ ձևերից է:
Կարևորելով ծրագրի շարունակականությունը որպես միջկառավարական համագործակցության կարևոր բաղադրիչ` նա կոչ է արել երիտասարդներին՝ զարգացնել կարողունակությունները, անդադար սովորել և, որպես համայնքի կամ որևէ երիտասարդական կառույցի ներկայացուցիչ, տարածել ծրագրի շրջանակում ձեռք բերած հմտությունները իրենց համայնքում, տարածաշրջանում ուսումնական հաստատությունում։
«Ծրագրի կարևոր ակնկալիքներից է նաև այն, որ երիտասարդներ կարող են լավագույնս նպաստել Հայաստան-Վրաստան փոխադարձ հարաբերությունների խորացմանը ամենատարբեր ոլորտներում»,- խոսքն ամփոփել է Արթուր Մարտիրոսյանը:
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, ողջունելով մասնակիցներին, ընդգծել է, որ սա լավ հնարավորություն է բարեկամ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների համար ավելի մոտ լինելու միմյանց, փոխանակվելու գիտելիքներով և կիսվելու մշակույթի և երիտասարդության ոլորտների համընդհանուր խնդիրներով։
«Մեր երկու երկրները միշտ էլ լավ հարաբերություններ են ունեցել, և այժմ ժամանակն է, որ մեր երիտասարդների շրջանում ևս ձևավորվեն և խորանան այդ հարաբերությունները, որ նրանք ևս սերտ կապեր հաստատեն՝ դրանով նաև նպաստելով երկու երկրներում երիտասարդության շրջանում առկա խնդիրների վերհանմանն ու լուծմանը։ Շատ ուրախ ենք, որ ծրագիրը լինելու է շարունակական և 2025 թվականին Վրաստանը կընդունի Հայաստանի երիտասարդներին»,- ասել է Տարիել Գուգավան։
Պանելային քննարկման շրջանակում Հայաստանի և Վրաստանի փոխնախարարները, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրել են երիտասարդական ոլորտում իրենց երկրներում իրականացվող պետական քաղաքականությունը, իրագործվող ծրագրերը, առկա խնդիրները, լուծման ուղիները։ Երիտասարդները նաև բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել իրենք պատկերացումները Հայաստանում և Վրաստանում երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրների մասին, ինչպես նաև կիսվել Հայաստան-Վրաստան հարաբերությունների հետագա զարգացման մասին առաջարկներով։
Թե՛ Հայաստանի և թե՛ Վրաստանի երիտասարդները հավաստիացրել են, որ ծրագիրը հաջողված է՝ որպես լավ հնարավորություն միմյանց ճանաչելու ոչ միայն անձնապես, այլև ավանդույթների, մշակույթի, ազգային առանձնահատկությունների առումով։ Վրաստանից մասնակցող երիտասարդ Ցոտնե Լացուզբաիան նշում է՝ արդեն հասցրել են ձեռք բերել լավ ընկերների և մտերմանալ նրանց հետ, և վստահ է՝ դեռ երկար շարունակելու են պահպանել հաստատված ընկերական կապերը, իսկ Միլենա Կռոյանը՝ Հայաստանից, հատկապես տպավորվել է ծրագրի շրջանակում ներկայացված վրացական ավանդույթներով ու ծիսական արարողություններով։
Ծրագիրն անցկացվում է հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության համագործակցությամբ՝ ՀՀ պետական բյուջեից «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի հատկացված միջոցներով։
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Վրաստանի պատանիների ու երիտասարդների միջև հաղորդակցման ապահովմանն ու միջմշակութային-երիտասարդական կապերի ստեղծմանը՝ հիմքում ունենալով երկու երկրների միջև երիտասարդության շրջանում փորձի փոխանակումն ու մշակութային, սովորութային յուրահատկությունների, աշխարհագրական, լեզվական առանձնահատկությունների ճանաչողությունը։
Ծրագիրը ներառում է մի շարք երիտասարդական, մշակութային, սպորտային, կրթական, ճանաչողական միջոցառումներ, ինչպես նաև ինտելեկտուալ ժամանցի և մրցակցային խաղեր։