Հուլիսի 26-ի ուշ երեկոյան Երևան-Սևան-Իջևան ճանապարհին Գեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 29-ամյա մի տղամարդու։
Նա մեքենայի սրահից իրավապաներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ։
Հուլիսի լույս 27-ի կեսգիշերն անց, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Գեղարքունիքի պարեկները Սևանի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու՝ իր «Հունդայի» ավտոմեքենայով հանդերձ։
Տղամարդը մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ։
Նույն օրը Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Շեվրոլե» մակնիշի մեքենա։ 58-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ։ Նա մեքենայով հանդերձ տեղափոխվել է Սևանի բաժին, որտեղ ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։
Հուլիսի 29-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ջրային պարեկները ձերբակալել և Սևանի բաժին են տեղափոխել 18-ամյա երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։
Հուլիսի 29-ի կեսգիշերն անց Ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա: 36-ամյա ոչ սթափ վարորդը զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, իսկ 33-ամյա ուղևորը մեքենայից մոտ 20-30 մետր հեռանալով՝ պայուսակը նետել է ճամփեզրի խոտերի մեջ: Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին:
Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեպքի վայրի զննությամբ պայուսակը հայտնաբերվել է, որի մեջ օդաճնշիչ ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և օդաճնշիչ ատրճանակի գնդակներ են եղել:
Ճամբարակի բնակիչ 33-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։